Չորացրած լոլիկ կամ լոլիկի չիր․ անսպասելի, զարմանալի և հրաշալի
Այս նյութը պատրաստելու համար բավականին երկար փնտրեցինք հավաստի տեղեկատվություն ձեր ուշադրությանը ներկայացնելու համար։ Եվ մեր փնտրտուքի արդյունքում կարելի է ասել, որ նորովի բացահայտեցինք բնության այս հրաշալի պարգևը։ Անսպասելիորեն պարզվեց, որ մեզ այդքան ծանոթ լոլիկը այնքան հարուստ է մեզ անծանոթ առողջարար հատկություններով, որ մեկ գրառմամբ հնարավոր չէ ներկայացնել ամբողջը։
Կփորձենք հնարավորինս սեղմ և արդյունավետ կերպով ներկայացնել այդ տեղեկատվությունը։
Եվ այսպես. լոլիկը պարունակում է վիտամիններ C, B7 (բիոտին), K, A, B6, B3, B1, և E (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ), միներալներ՝ մոլիբդեն, կալիում, պղինձ, մանգան, ֆոսֆոր և այլն (նշված են ըստ պարունակության՝ շատից քիչ) և լիկոպին, որը նույնպես հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ։ Պետք է նշել, որ հատկապես լոլիկի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն են, որ այն դարձնում են շատ ազդեցիկ միջոց օրգանիզմի կենսունակության բարձրացման համար։
Այս բոլոր օգտակար նյութերը և միկրոտարրերը մեծ օգուտ են տալիս օրգանիզմի մի քանի ուղղություններով։
Սիրտ-անոթային համակարգ
Սրտի հետ կապված ռիսկերի նվազեցումը այն ոլորտն է, որտեղ լոլիկն իրեն գերազանց է դրսևորում։ Այն սիրտ-անոթային համակարգի աշխատանքին նպաստում է երկու ուղղությամբ՝ առաջինը դա հակաօքսիդանտների միջոցով, երկրորդը՝ արյան հոսքի մեջ ճարպի մակարդակի կարգավորման միջոցով։ Ընդհանրապես մարդու օրգանիզմի ոչ մի այլ համակարգ այդքան կարիք չունի հակաօքսիդանտների, որքան սիրտ-անոթային համակարգը։ Սա պայմանավորված է նրանով, որ այս համակարգի միջոցով է թթվածինը թոքերից մատակարարվում մյուս օրգաններին և հակաօքսիդանտնեը մշտապես պահանջված են այս գործընթացի համար։ Այստեղ գլխավոր դերակատարները հանդիսանում են վիտամիններ C-ն և E-ն։ Իսկ լոլիկի մեջ պարունակվող լիկոպին նյութը, որով պայմանավորված է լոլիկի կարմիրից նարնջագույն երանգները, նպաստում է արյան հոսքում ճարպի քանակի կարգավորմանը։
Ոսկրային համակարգ
Լոլիկը նպաստում է նաև ոսկրային համակարգի ամրացմանը։ Այս գործառույթը կրկին կատարվում է լոլիկի մեջ առկա հակաօքսիդանտների շնորհիվ, հատկապես լիկոպինի։ Ի հավելումն սրա, լոլիկի մեջ պարունակվող մագնեզիումի և ֆոսֆորի նշանակալի պարունակությունը նույնպես մեծ նպաստ է բերում ոսկրային համակարգի ամրապնդմանը և առողջացմանը։ Ֆոսֆորը միավորվելով օրգանիզմում առկա կալցիումի հետ ստեղծում է ոսկրային կառուցվածքի հիմնական նյութը՝ հիդրոքսիապատիտը, իսկ մագնեզիումը օգնում է ձևավորել մյուս միներալների ավելացման համար անհրաժեշտ մատրիցան։
Լոլիկը որպես հակաքաղցկեղային միջոց
Տարատեսակ հետազոտությունների արդյուքնում լոլիկը մշտապես ցույց է տալիս քաղցկեղի դեմ պայքարի զարմանալի արդյուքներ։ Սա իրականում այնքան էլ անակնկալ չէ, քանի որ շատ տեսակների քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկերը կապված են խրոնիկ օքսիդային ստրեսի և խրոնիկ բորբոքումների հետ։ Եվ այդ իսկ պատճառով լոլիկը՝ իր արտահայտված հակաօքսիդանտային և հակաբորբոքիչ հատկությունների շնորհիվ դասվում է քաղցկեղի կանխարգելիչ սննդակարգի մեջ։ Ներկայումս շատ խորությամբ ուսումնասիրված է շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում լոլիկի արդյունավետությունը։ Շատ չխորանալով մանրամասների մեջ պարզապես ասենք, որ ուսումնասիրողների եզրակացությունը հստակ է և միանշանակ․ լոլիկի օգտագործումը հստակորեն նվազեցնում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը։ Ուսումնասիրություններ են կատարվել նաև պարզելու համար լոլիկի ազդեցությունը կրծքի քաղցկեղի և պանկրեատիկ քաղցկեղի պարագաներում։ Եվ կրկին ուսումնասիրությունների արդյունքները դրական են։
Լոլիկի օգտակար հատկություններն այսքանով չեն սահմանափակվում։ Այն ունի նաև թեթև միզամուղ հատկություն, ունի մանրաթելեր, ունի հակաբորբոքային հատկություններ և այլն, որոնք միանշանակ դրական են ազդում մեր օրգանիզմի վրա։
Սակայն այս ամենը հիմնականում վերաբերվում է թարմ լոլիկին։ Իսկ որո՞նք են լոլիկի չրի օգտակար հատկությունները։ Դա հասկանալու համար կարելի է նշել ընդամենը մեկ փաստ․ 1 կգ լոլիկի չիրը ստացվում է 18-22 կգ լոլիկից։ Այո՛, դա նշանակում է, որ տեսականորեն լոլիկի չրի մեջ համարյա բոլոր վերոնշյալ օգտակար նյութերի քանակը և դրանց ազդեցությունը 18-22 անգամ ավելի է։ Բայց կան որոշակի վերապահումներ, որոնք պետք է հաշվի առնել լոլիկի չիր գնելիս․
առաջին դա վիտամին C-ն է, որի մի մասը քայքայվում տևական բարձր ջերմային ազդեցությունից և արևի ճառագայթներից։ Երկրորդը դա ծծմբային մշակումն է, որի արդյունքում ոչնչանում են B խմբի վիտամինները և այդքան կարևոր և օգտակար լիկոպինի մի մասը։
Այդ պատճառով լոլիկի չիր գնելիս աշխատեք գտնել առանց ծծմբային մշակման, կարգավորվող ջերմային ռեժիմներով խցիկային մաքուր չորացում անցած արտադրանք՝ առավելագույն օգուտ ստանալու համար։
Օգտագործված աղբյուրներ
Комментарии
Отправить комментарий